Safe. am Ապահով Համացանց Safer Internet

 

Մեկնարկեց Ապահով Համացանց Միամսյակը

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում մեկնարկեց Ապահով Համացանց միամսյակը: Չորրորդ տարին անընդմեջ այս օրվա առթիվ` Orange-ը, «Հայաստանի ինտերնետ հանրություն» և«Մեդիակրթության կենտրոն» կազմակերպությունները նախաձեռնում են«Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը՝ նպատակ ունենալով համացանցն ավելի ապահով դարձնել երեխաների համար:

«Ապահով համացանցի միամսյակ» նախաձեռնության շրջանակներում 150 դպրոցների ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասերի` ստանալով համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր: Հատուկ ուսումնական տեսանյութերի միջոցով Orange-ը ծնողներին պատկերավոր ցուցադրելու է երեխաներին ոչ ցանկալի բովանդակությունից պաշտպանելու հնարավորությունները: Կկազմակերպվեն հատուկ ծնողական ժամեր, որոնց ընթացքում կշոշափվեն համացանցի ապահով օգտագործմանն առնչվող խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաև տեղեկատվություն կտրամադրվի երեխաների համար համացանցն ավելի ապահով դարձնելու տեխնիկական լուծումների վերաբերյալ: Նախաձեռնությանը մասնակցում են նաև Օրանժ Արմենիայի աշխատակիցներ, ովքեր միամսյակի ընթացքում համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ իրենց գիտելիքներն ու փորձը կկիսեն ծնողների հետ:

«Վերջին տարիներին Հայաստանում մեծապես աճել է համացանցի օգտատերերի թիվը, ինտերնետն այլևս շքեղություն չէ, այլ մեր առօրյայի բաղկացուցիչ մասը, և, լինելով հայկական շարժական ինտերնետի շուկայի առաջատարը, կարծում ենք, որ չափազանց կարևոր է կրթել համացանցի օգտատերերին և բարելավել անցանկալի բովանդակությամբ կայքերից երեխաների պաշտպանությունը», – նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Ապահով համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպում ենք մասնավոր կյանքի պաշտպանության ու անվտանգության հարցերին նվիրված կրթական ծրագրեր և իրազեկման արշավներ: Սովորեցնում ենք, թե ինչ միջոցներով ու գործիքներով կարելի է կանխարգելել տեխնոլոգիաների ոչ նպատակային և վնասակար օգտագործումը: ՏՀՏ-ները կրթական և հաղորդակցական հզոր միջոց են, որոնք սակայն ճիշտ և նպատակային օգտագործման կարիք ունեն: Փորձը ցույց է տալիս, որ ՏՀՏ-ների ստեղծագործական կիրառումը դասապրոցեսում խթանում է պոզիտիվ բովանդակության օգտագործումը: Տեղեկատվական տեխնոլոգիաներն ակտիվորեն օգտագործող երեխաները, ավելի հեշտությամբ են կարողանում հաղթահարել համացանցի ռիսկերն ու դիմակայել դրա հնարավոր բացասական ազդեցությանը»,-ասաց «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը:

Մեդիակրթության կենտրոնն առաջարկում է Ինտերնետ գրագիտության ուսումնական ծրագրեր՝ դասավանդողների և սովորողների համար: Կազմակերպությունը աջակցում է դպրոցներին ստեղծելու կրթական էլեկտրոնային բովանդակություն, տրամադրում է գործիքներ և էլեկտրոնային հարթակներ համագործակցության համար:

Փետրվարի 10-ի միջոցառման լուսանկարները

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources