Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Գործարկվել է ինտերակտիվ մեթոդների եւ հեռավար ուսուցման stem.am հարթակը

08 դեկտեմբերի 2017. Օրերս «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոնը» Ucom ընկերության,  «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների եւ հեռավար ուսուցման առցանց հարթակ: Պորտալը արտադպրոցական կրթական միջավայրում STEM կարողությունների (Science, Technology, Engineering, Mathematics`գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն,  մաթեմատիկա) զարգացման  ծրագրի  հիմնական ուղղություններից է: Ծրագրի նպատակը STEM կարողությունների զարգացման նոր մոդելի ստեղծումն է կրթության, գիտության եւ բիզնեսի արդյունավետ համագործակցության ու հնարավորությունների համատեղման միջոցով:

«Այն խնդիրը, որի հետ հաճախ ենք առնչվել ու ցանկանում ենք լուծել այս կայքի միջոցով, ինտերնետի առկայության պարագայում որոշակի չափով լուծում ենք: Շատ հաճախ, երբ մարզերում ու հեռավոր գյուղերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ ենք այցելում, նկատում ենք դպրոցներում ուսուցչական կազմի խիստ պակաս: Այս կայքն ստեղծված է հենց այսպիսի բնակավայրերում ապրող երեխաների մոտ գիտելիքի պակասը լրացնելու եւ հմտությունները զարգացնելու համար», - ասաց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«STEM ծրագրի առավելություններից մեկն այն է, որ երեխաները համակարգչից կօգտվեն ոչ միայն խաղալու, այլեւ կարեւոր գիտելիքներ ստանալու համար: Այն, ինչ չեմ հասցրել սովորել, հասկանալ կամ ընկալել ֆիզիկայի կամ մաթեմատիկայի դասի ընթացքում, կարող եմ տանը այդ կայքում գտնել, մի քանի անգամ դիտել, հասկանալ», - նշեց Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 դպրոցի աշակերտուհի Միլենա Խոյաթյանը:

«Կայքի հետ ծանոթացա ու կարող եմ առանձնացնել բնագիտական հոսքի առարկաների վերաբերյալ նյութերի առկայությունը: Կարեւոր է, որ աշակերտները հնարավորություն ունենան թերի մնացած գիտելիքը լրացնել ինքնուրույն, ընդ որում՝ հայալեզու տեսանյութերի ու բացատրական հոդվածների միջոցով: Ռոբոտաշինության, ծրագրավորման վերաբերյալ նյութերի կողքին զետեղված է նաեւ աստղագիտությանը վերաբերող տեղեկատվություն, որը՝ որպես առարկա, ցավոք, դուրս է մնացել դպրոցական ծրագրից», - մանրամասնեց Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Արմինե Չատինյանը:

«Ծրագրի շրջանակներում գործելու են ծրագրավորման, տիեզերագիտության, մաթեմատիկայի, թռիչքային ապարատների նախագծման կիրակնօրյա ակումբներ: Դրանց արդյունքում ձեւավորված կիրակնօրյա դպրոցի դասընթացները կհեռարձակվեն STEM ալիքով եւ հասանելի կլինեն Հայաստանի բոլոր դպրոցականների համար», - հավելեց STEM ծրագրերի կենտրոնի ղեկավար Հայկազ Բաղյանը:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources