Safe. am Ապահով Համացանց Safer Internet

«Ինչու՞ Հայաստանը պետք է վավերացնի Եվրոպայի խորհրդի (Լանզարոտեի) կոնվենցիան» խորագրով քննարկում

Սեպտեմբերի 12, 2018 Ինչու՞ Հայաստանը պետք է վավերացնի Եվրոպայի խորհրդի «Սեռական շահագործումից և սեռական չարաշահումից երեխաներին պաշտպանելու մասին» (Լանզարոտեի) կոնվենցիան և ինչ քայլեր են հարկավոր ձեռնարկել այդ ուղղությամբ: Այս հարցի պատասխանը տրվեց Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության կողմից 2018թ.-ի սեպտեմբերի 12-ին հրավիրված քննարկման ժամանակ, որին մասնակցեցին երեխաների խնդիրներով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների ներկայացուցիչները:

Քննարկվող խնդրո առարկան հետազոտության միջոցով ներկայացրին՝ իրավաբան, երեխայի իրավունքների փորձագետ` Ամալյա Ոսկանյանը և երեխայի իրավունքների փորձագետ / քրեական իրավունքի մասնագետ` Դավիթ Թումասյանը։

Ինչպես հաղորդում է Antitraffiking.am կայքը, վերջին տարիների ընթացքում Հայաստանում ավելացել է երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվը: Մասնավորապես, 2015թ.- ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64 %), 2016թ.-ին` 157 քրեական գործ, որից 110-ը կատարվել է երեխաների նկատմամբ (70 %), իսկ 2017թ.-ին` 161 քրեական գործ, որից 101-ը կատարվել է երեխաների նկատմամբ (62.7 %): «Թեև Հայաստանը որոշ քայլեր է ձեռնարկել երեխաներին սեռական շահագործումից և սեռական չարաշահումից պաշտպանելու ուղղությամբ, սակայն, վերջին տարիների վիճակագրությունը և միջազգային փորձի համադրությունը ցույց են տալիս, որ ձեռնարկած քայլերը դեռ բավարար չեն երեխաներին սեռական շահագործումից և չարաշահումից արդյունավետ պաշտպանելու համար,» գրում է կայքը:

Լանզարոտեի կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին, սակայն առ այսօր չի վավերացրել: Լանզարոտեի կոնվենցիան լրացնում է Հայաստանի կողմից վավերացված այլ կոնվենցիաների տրամաբանությունը և նախատեսում երեխաների սեռական շահագործումից և սեռական չարաշահումից պաշտպանության նոր մոտեցումներ ու միջոցներ:

Զեկույցի տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources