Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Ապահով Համացանցի Օրը Երևանի Դանիել Վարուժանի անվան թ.89 դպրոցում

 

Անվտանգությունը պատահականություն չէ…
Անվտանգության առաջնահերթությունը նշանակում է մշտական անվտանգություն
Չարլզ Հայես

Արմինե Գրիգորյան

Երևանի Դանիել Վարուժանի անվան թ. 89 դպրոց

2012թ. փետրվարի 7-ին մեր դպրոցում արտառոց իրարանցում էր: Բոլորը գիտեին, որ այդ օրն ինֆորմատիկայի դասասենյակներից մեկում իրենց անակնալ էր սպասում և անհամբեր էին: Ոմանք զգուշորեն բացում էին դուռը և փորձում տեսնել անակնկալը: Նրանք ապշած փակում ու քչփչում էին դռան հետևում: Դասասենյակներից և ոչ մեկում արտառոց  ոչինչ չկար, նույնն էր ամեն ինչ:

 

Վերջապես եկավ բաղձալի դասաժամը: Առաջին երջանիկները 8գ դասարանի աշակերտներն էին: Նախորդ դասաժամի ավարտը խորհրդանշող զանգի հնչյունները  լռելուն պես աշակերտներն  անհամբեր ներխուժեցին դասարան: Նրանց հետևեցին ծնողներն ու ուսուցիչները: Դասի թեման ծնողներից շատերին զարմացրել էր: «Ի՞նչ վտանգ կա համացանցում: Երեխադ տանն է, ապահով և աչքիդ առաջ աշխատում է»,- մտածում էին նրանք:

Դասը սկսվեց:
Զարմանքն առավել մեծ եղավ, երբ  լսեցին ուսուցիչի հարցադրումը` հետևո՞ւմ են արդյոք երեխային համացանցից օգտվելիս:
Ներկաներից շատերն ամաչեցին, երբ երեխաները սկսեցին ներկայացնել համացանցի վտանգները: Տրամաբանական հաջորդ քայլը եղավ պաշտպանության միջոցներ առաջարկելու պահանջը: Այստեղ արդեն գործի անցավ ուսուցիչը և հարցադրումները մեկը մյուսի հետևից ստացան իրենց պատասխանները: Դասաժամն ավարտվել էր, դռան մոտ իրարանցում էր, սակայն դասարանը, ծնողներն ու ուսուցիչները չէին շտապում լքել դասասենյակը:

Այդ օրը նմանատիպ ինֆորմատիկայի դաս անցկացվեց նաև 7ա և 6 ա դասարաններում: Համացանցի վտանգներն ու դրանցից պաշտպանվելու միջոցները լուսաբանվեցին ավելի քան 90 աշակերտների և 20-ից ավելի ծնողների համար: Դա պաշտոնապես  և միայն փետրվարի 7-ին, իսկ համացանցի գրագետ ու անվտանգ օգտագործմանն անդրադառնում ենք գրեթե ամեն օր և բոլոր դասարաններում:
http://safe.am/ կայքը դպրոցում և աշակերտների ընտանիքներում դարձել է ամենաշատ այցելվող կայքերից մեկը:

«Ողջունելի է հայալեզու ինֆորմացիոն կայքի առկայությունը»,- նշում էին շատ ծնողներ:
Այսօր թվային տեխնոլոգիաների բուռն զարգացման ժամանակշրջան է, և  մենք պարտավոր ենք պաշտպանել մեր երեխաներին ոչ միայն իրական, այլև վիրտուալ կյանքում:

Օգտագործենք թվային  աշխարհի «գանձերը» հնարավորինս գրագետ և ապահով:

Դանիել Վարուժանի անվան թ. 89 դպրոց

Արևմտահայ մեծ բանաստեղծի` Դանիել Վարուժանի անունը կրող թիվ 89 դպրոցը  հիմնադրվել է 1932 թվականին Երևանում: Սկզբում այն ունեցել է 3 դասարան` 42 աշակերտով, այսօր կրթօջախում սովորում են 1100 աշակերտ, որոնք իրենց անվանում են «Վարուժնակներ»:  Այստեղ մեծ նվիրումով և հոգատարությամբ աշխատում են 65 ուսուցիչ: Մեծ ու հիանալի միջոցառումներն անպակաս են դպրոցից` Վարուժանյան օրեր, ուր բացառապես հնչում են մեծ բանաստեղծի ստեղծագործությունները, երգ ու պար, թատերական ներկայացումներ: 2008 թվականին դպրոցը համալրվեց արդի տեխնիկայով, ինչը հիմնովին փոխեց կրթության որակն ու մեթոդները: Ոչ միայն բաց դասերն ու միջոցառումներն են անցկացվում թվային տեխնիկայի անմիջական օգտագործմամբ, այլև դասապրոցեսի ժամանակ են  դիմում դրանց օգնությանը: Ինֆորմատիկայի ուսուցիչները կազմակերպում են սեմինարներ ու դասընթացներ  ոչ միայն աշակերտների այլև ողջ ուսուցչական կազմի համար:
 2010 թվականի մայիսին ինֆորմատիկայի ուսուցչուհի`Ա. Գրիգորյանը «Համակարգչային մշակումների կիրառումը դասի ընթացքում» մրցույթում ճանաչվեց հաղթող: 2011թ ԿՏԱԿ-ի «Ես գիտեմ իմ իրավունքները» մրցույթում Նարեկ Բաբիյանի, Մերի Հալաջյանի և Հայարփի Աջարյանի ներկայացրած տեսաշարը ճանաչվեց լավագույնը և երեխաները պարգևատրվեցին Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից, իսկ ուսուցիչն արժանացավ շնորհակալագրի: Youtube կայքում ստեղծվեց դպրոցի անհատական էջը. այստեղ պարբերաբար տեղադրվում են երեխաների անհատական և խմբային աշխատանքները: http://www.youtube.com/user/varujanscholl89, Slideshare.net կայքում` սահկահանդեսները http://www.slideshare.net/ArmineGrigoryan1/usucman-metodner:

 

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources