Safe. am Ապահով Համացանց Safer Internet

10 հաճախ տրվող հարցեր անձնական տվյալների պաշտպանության մասին

 

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ /ՀՀԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Արդյո՞ք լուսանկարը համարվում է մարդու անձնական տվյալ:


Լուսանկարը համարվում է անձնական տվյալ, քանի որ թույլ է տալիս ուղղակի կերպով նույնականացնել մարդուն:

2. Ովքե՞ր են պարտավոր ներկայացնել ծանուցումներ անձնական տվյալների մշակման մասին:

Համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածի` իրավաբանական կամ ֆիզիկական անձիք, որոնք կազմակերպում և (կամ) իրականացնում են կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի (անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկություններ,անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ) անձնական տվյալների մշակում, պարտավոր են այդ մասին ծանուցում ներկայացնել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն: Ծանուցման նմուշին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://goo.gl/3wEAVC

 

3. Ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացվեն տվյալներ մշակելու մասին ծանուցումները:

Անձնական տվյալներ մշակողը Գործակալությանը ծանուցում է միայն մեկ անգամ: Մշակողը երկրորդ և հերթական անգամ ծանուցում է, եթե փոփոխության են ենթարկվել ծանուցման մեջ առկա տեղեկությունները, դրանց ծավալները:

 

4. Ո՞րն է համարվում անձնական տվյալների մշակում:

Ցանկացած գործողություն, որը կապված է անձնական տվյալները հավաքելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, պահպանելու, օգտագործելու, ուղղելու, ոչնչացնելու կամ այլ գործողությունների հետ, համարվում է անձնական տվյալների մշակում: Ընդ որում, վերը նշված գործողություններից ցանկացած մեկի առկայությունը բավարար է անձնական տվյալի մշակման համար:

 

5. Ո՞ր դեպքում է թույլատրվում մարդու անձնական տվյալների փոխանցումն այլ երկիր:

Անձնական տվյալները կարող են այլ երկիր փոխանցվել տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, կամ եթե տվյալների փոխանցումը բխում է անձնական տվյալների մշակման նպատակներից և (կամ) անհրաժեշտ է այդ նպատակների իրագործման համար: Անձնական տվյալները կարող են փոխանցվել այլ պետություն կամ Գործակալության թույլտվությամբ, կամ առանց դրա, պայմանով, որ այդ պետությունում ապահովված է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ: Անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակը համարվում է ապահովված, եթե՝ անձնական տվյալները փոխանցվում են միջազգային պայմանագրերին համապատասխան կամ անձնական տվյալները փոխանցվում են Գործակալության կողմից պաշտոնական հրապարակված ցուցակում ընդգրկված որևէ երկիր: Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է գրավոր դիմել Գործակալությանը` թույլտվություն ստանալու հայտով:

 

6. Մինչև երեխայի` չափահասության տարիքը լրանալը, ո՞վ է իրականացնում երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:

Մինչև 16 տարեկան երեխայի անձնական տվյալները մշակելու համար համաձայնություն տալիս է, երեխայի անձնական տվյալների պաշտպանության հետ կապված այլ գործողություններ իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը` ծնող, խնամակալ և այլն: 16 տարին լրացած երեխաների անձնական տվյալները մշակվում են վերջիններիս համաձայնության հիման վրա: Ամեն դեպքում, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան պետք է հաշվի առնել նաեւ երեխայի կարծիքը:

 

7. Արդյո՞ք թույլատրվում է ուսումնական հաստատություններում տեսանկարահանել երեխաներին:

Ուսումնական հաստատություններում տեսանկարահանում կարելի է կատարել միայն օրինական նպատակին համար և անձնական տվյալների սուբյեկտների (աշակերտներ կամ նրանց օրինական ներկայացուցիչներ, ուսուցիչներ) համաձայնությամբ: Տեսահսկման կարելի է ենթարկել միայն ուսումնական հաստատության մուտքը, միջանցքները և դասասենյակների այն հատվածները, որտեղ գտնվում է թանկարժեք գույք: Արգելվում է տեսահսկում իրականացնել դասասենյակներում, ուսուցչանոցում, սպորտային դահլիճում հանդերձարաններում և զուգարաններում:

 

8. Ո՞ւր պետք է դիմել, երբ խախտվել է մարդու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:

Հայաստանի Հանրապետությունում անձնական տվյալների պաշտպանությունն իրականացնում է լիազոր մարմինը` Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, ուր էլ պետք է դիմել այս իրավունքի խախտումների դեպքում։ Ինչպես նաեւ, կարելի է դիմել դատարան:

 

9. Ե՞րբ է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը վարչական վարույթ հարուցում և ի՞նչ հիմքով:

Գործակալությունը վարույթ է հարուցում իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա, երբ անհրաժեշտ է ստուգել անձնական տվյալների մշակման համապատասխանությունն օրենքի պահանջներին, օրենքի խախտման դեպքում կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ, քննել ֆիզիկական անձանց դիմումները և իր լիազորությունների սահմաններում ընդունում է որոշումներ:

 

10. Ո՞ր դեպքերում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կիրառում տուգանքներ և ի՞նչ չափով:

Համաձայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.17-րդ հոդվածի՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ` 50-ից 500 հազար ՀՀ դրամի չափով հետևյալ դեպքերում:

Անձնական տվյալներ հավաքելու ընթացքում անձնական տվյալների սուբյեկտի պահանջով մշակողի կողմից օրենքով նախատեսված տեղեկատվություն չտրամադրելը կամ տրամադրման կարգը խախտելը կամ չտրամադրելու պատճառներն ու հետևանքները չպարզաբանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով,

Անձնական տվյալներ մշակողի կողմից անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին չծանուցելը կամ ծանուցման կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով,

Անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում կամ դրա ավարտից հետո անձնական տվյալներ մշակողների կամ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ անձանց կողմից անձնական տվյալների գաղտնիությունը չպահպանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, եթե լիազոր մարմնի որոշմամբ սահմանված ժամկետում կամ մինչև վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ որոշում կայացնելը նա վերացրել է իր թույլ տված խախտումը և լիազոր մարմին է ներկայացրել ապացույցներ այդ մասին:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources